«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենը փորձել է ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հուլիսի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994թ․-ին ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21:30-ին, Ամուլսարում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք:

Կատարվում է քննություն:

«Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջարանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն տասն օր է արգելափակված են՝ հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից: