Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին, որոշում կայացրեց, որով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվեց «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Նույն որոշմամբ, կենտրոնին ամրացված անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցվեց և, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

Որոշումով սահմանվել է, որ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը» սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի` հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: