Մինչև 2017թ․-ի դեկտեմբերի 31 երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում կիրականացվի. վարչական ակտերով նախատեսված 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով:

Նախագծի զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ համաներումը չի կիրառվելու երևեկության կանոնների բացառությամբ բոլոր տեսակի խախտումների դիմաց սահմանված տուգանքների վրա, լինելու են իրավախախտումներ, որոնց համար սահմանված տուգանքները չեն ներվելու:

«Լինելու են բացառություններ. մասնավորապես՝ պետհամարանիշն այլ վարորդի տրամադրելու, ոչ սթափ վիճակում վարելու և մի շարք այլ սուր իրավախախտումներով համաներում չի լինելու», - ասել է Զեյնալյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ կառավարության այս քաղաքականությունը չի ենթադրում, որ այսուհետ «ով, ինչպես կամենա՝ մեքենա է վարելու»:

«Մենք ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ, քան թե երթևեկության անվտանգության ապահովման նշանակություն ունի. ավելի շատ մարդկանց տուգանելու, նրանցից գումար վերցնելու խնդիր էր դրված: Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում՝ մեր օրեսնդրության նպատակը պետք է լինի երթևեկության անվտանգության բարձրացումը», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով, այժմ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունը մշակում են Վարչական իրավախատումների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով մեղմացնելու են վարորդներին տուգանելու քաղաքականությունը, սակայն, միևնույն ժամանակ էապես բարձրացվելու է երթևեկության մասնակիցների կարգապահությունը:

«Արդյունավետ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ և, բավականին լավ առաջարկներ է ոստիկանությունը ներկայացրել», - ասել է վարչապետը: