2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է անցնող մրցաշրջանի արդյունքները:

«2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման և մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի՝ հոկտեմբերին կատարած պաշտոնական այցը, որն առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Ալեքսանդր Բորիչիչը կարևոր հանդիպումներ ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, քաղաքապետի և ֆեդերացիայի անդամների հետ: Գործնական և օգտակար խորհուրդներ ստացանք երկրում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ:

Կարևոր միջոցառումներից կնշեմ նաև մայիսին Երևանում անցկացված Արևելյան եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) համաժողովը, որին մասնակցեցին ութ ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու Եվրոպական կոնֆեդերացիայի փոխնախագահը: Իսկ սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ անցկացրինք լողափնյա վոլեյբոլի Արևելյան եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնություն, որին մասնակցեցին շատ բարձրակարգ թիմեր: Նման կարգավիճակ ունեցող վոլեյբոլի մրցաշար Հայաստանում չէր անցկացվել: Առաջնությունը բարձր գնահատական ստացավ և ճանաչվեց լողափնյա վոլեյբոլի Արևելյան եվրոպայի երկրների 2017 թվականի լավագույն մրցաշար»,- ասել է Կարեն Ասմարյանը: