Ոստիկանության Արարատի բաժնում օրերս տեղեկություններ են ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են.

«Բաժնի աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին, ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ։

Արդյունքում՝ մի քաղաքացի բանավոր հաղորդում տվեց, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007թ․-ին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաև նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։

Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում տվեց, որ 2016թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը և ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր շուրջ 570 000 դրամ։