ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան շուկայում հայտնված կասկածելի ծագման, ադրբեջաներեն գրություններով դեղերի հարցով դիմելու է իրավապահներին: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ դեղատներում վաճառվող «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը ՀՀ-ում հայտնվել են անօրինական ճանապարհով. դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են արտաքին տեսքով, արտադրության երկրով և գրանցման սերիական համարով:

«Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում», - հայտնել են նախարարությունից:

Նշվում է, որ «Ավելոքս» դեղը «Բայեր» ֆիրմայի արտադրության է՝ նախատեսված թուրքական շուկայի համար: Հայաստանում այն գրանցված է, սակայն 400 մգ դեղաչափով 5 հաբանոց տուփերի տեսքով:

««Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014թ․-ին: Այսպիսի արտադրության դեղամիջոցը ևս չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան: Մեր երկրում «Պուրոքսանի» գրանցման ժամկետն ավարտվել է, այն այժմ վերագրանցման փուլում է: Մինչ այժմ այս դեղամիջոցը Հայաստան է ներմուծվել՝ ձեռք բերվելով ուղիղ բելգիական արտադրողից: Փաթեթի տվյալներով՝ այս դեղերը ժամկետանց չեն: Մանրամասները փոխանցվել են համապատասխան տեսչական մարմնին՝ հետագա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Միաժամանակ՝ ԱՆ-ն դիմելու է իրավապահներին՝ պարզելու՝ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել հայաստանյան շուկայում», - հայտնել են նախարարությունից: