Հունաստանում տեղացել է առաջին ձյունը, ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակվել են առատ ձյան մեջ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով՝ ERT հեռուստաալիքին։

Ձյունը տեղացել է դեկտեմբերի 22-ի երեկոյան, երբ հազարավոր հույներ մեկնում էին Սուրբ ծննդյան արձակուրդների։

Հունաստանի մի շարք շրջաններում վարորդներին նախազգուշացրել են երթևեկել անվաշղթաներով, լեռնային շրջաններում երթևեկությունը դադարեցվել է։ Ոստիկանությունը մի շարք մայրուղիների վրա արգելել է բեռնատարների տեղաշարժը։

Փոթորիկի պատճառով արգելվել է նավերի երթևեկը մի շարք նավահանգիստներից՝ Ռաֆինայից և Լավրիոնից։