Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչ չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի:

Այսօր ավելի վաղ Երվանդ Վարոսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ Վարդանյանը չի ընդունում հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

Հիշեցնենք, որ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր երկու օր առաջ:

ԱԱԾ-ն հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Ըստ ԱԱԾ-ի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018թթ․ ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ: