Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը», - ասվում է նրա գրառման մեջ:

Դրան հաջորդած գրառման մեջ ասվում է, որ նախաձեռնության անդամները փորձում են բռնություն գործադրել։

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ մի խումբ հոգևորականներ Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում:

Ավելի վաղ Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հունիսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կորյուն աբեղայի հնչեցրած այն մեղադրանքներին, թե Մայր Աթոռի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են կաթողիկոսի կողմից, և հայտարարել, որ նման բան չի եղել: