Իրանի ու հինգ գերտերությունների բարձրաստիճան դիվանագետները այսօր՝ հուլիսի 6-ին Վիեննայում կհանդիպեն՝ քննարկելու միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալուց հետո։

ԱՄՆ-ի՝ պայմանագրի չեղարկումից հետո Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներն իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ առաջին անգամ են հանդիպում:

Այդ բանակցություններից առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ զրույցում, հայտարարել է, որ տնտեսական քայլերի եվրոպական փաթեթը, որն ուղղված է մեղմելու Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր հետևանքները «բավարար չեն», փոխանցում են իրանական լրատվամիջոցները:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև երեք տարի առաջ ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Այս տարվա մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: