Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցը կոչ է արել երկրի նոր կառավարությանը հնարավորություն տալ, որը կազմված է Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցությունից և աջ Ազատության կուսակցությունից: Այս մասին նա նշել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին:

«Ես խնդրում եմ մեր կառավարությանը շանս տալ և գնահատել ըստ կատարած աշխատանքի,- ասել է Քուրցը՝ անդրադառնալով կառավարության կազմում Ավստրիայի Ազատության կուսակցության առկայությանը: - Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն փոխվում է իշխանության մեջ լինելով: Սա գործընթաց է, որը տարածվում է նաև Ազատության կուսակցության վրա»:

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ Իսրայելը հրաժարվել է աջ կուսակցության նախարարների հետ շփվելուց, քաղաքական գործիչն ընդգծել է, որ որպես կանցլեր, ամեն ինչ կանի, որպեսզի վերացնի Ազատության կուսակցության նկատմամբ Իսրայելի նախապաշարմունքները: «Մեր կառավարության ծրագրում միանգամայն հստակ նշված է Իսրայել պետության գոյությանը մեր հավատարմության մասին»,- նշել է նա:

Քուրցի խոսքով՝ «Ավստրիան չափից ավելի ուշ է ընդունել նացիստական ռեժիմի ահաբեկչությանը մասնակցությունը: Այս կապակցությամբ իմ սերունդը մեր պատմությունը երբեք չմոռանալու պատասխանատվություն ունի: Մենք պարտավոր ենք մեր վճռականությամբ պայքարելու հակասեմիթիզմի դեմ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Քուրցը հանդես է եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: «Ես համակրում եմ Իսրայելին և հասկանում եմ անվտանգության նրա պահանջը, բայց Երուսաղեմի ապագան պետք է հստակեցնել տեղում 2 կողմերի բանակցությունների ճանապարհով: Միակողմանի որոշումը մեզ առաջ չի տանի»,- կարծում է նա:

Կանցլերը հիշեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի հետևանքով Ավստրիա է ժամանել մեծ թվով մարդ, որոնք «համասեմիթիզմով են սնվել մոր կաթի հետ: Այստեղ այդ հայացքները չպետք է տեղ ունենան»,- ընդգծել է նա: Քուրցի կարծիքով՝ իսլամը Ավստրիային վերաբերվում է, քանի որ այստեղ ավելի քան 700 հազար մուսուլման է բնակվում: Սակայն քաղաքական իսլամիզմը Ավստրիայում տեղ չունի»,- ասել է Քուրցը: