Հայաստանի կաթոլիկ եկեղեցին այսօր` դեկտեմբերի 24-ին, նշում է Սուրբ Ծնունդը:

Հայաստանի կաթոլիկ եկեղեցու սպասավոր Տեր Կոմիտաս քահանա Զավեյանը նշում է, որ այսօր կաթոլիկ եկեղեցին նույն արարողություններն է կատարում, ինչ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին:

Նա նշեց, որ կաթոլիկների և առաքելական եկեղեցու հետևորդների միակ տարբերությունն այն է, որ առաքելական եկեղեցին Էջմիածնին է հետևում, իսկ կաթոլիկները` Հռոմին:

Տեր Կոմիտաս քահանա Զավեյանը հավելեց, որ հունվարի 6-ին նույնպես կանցկացնեն Սուրբ Ծննդյան միջոցառումները:

Գրիգորյան օրացույցով Սուրբ Ծնունդը, որը Հուլյան օրացույցից 14 օր առաջ է նշվում, դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ են տոնում՝ կաթոլիկներ, բողոքականներ: Դեկտեմբերի 24-ը Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետևորդների և բողոքական համայնքների համար Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն ընդառաջ ճրագալույցով է սկսվում: Կաթոլիկները բազմօրյա պաս չեն պահում, սակայն պարտավոր են սպասման 4 կիրակիներին տոնին պատրաստվել ապաշխարանքով, հաղորդությամբ։