Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-22:00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00- 22:00-ն, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապ օգնության լրացուցիչ հերթապահություն:

Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով`բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց`սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտերթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը: