Զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ մարդիկ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

Ճշտող հարցին, թե արդյոք ծառայության կմեկնեն նաև պաշտոնյանների որդիները, Տոնոյանը նշել է.«Չեմ ուզում կոնկրետ ասել, բայց այդ թվում, հնարավոր է, նաև խոշոր բիզնեսմենների», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե որքանո՞վ է անաչառ համարում ԿԳ նախարարի հրամանով ստեղծված ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողովի գործունեությունը, որը որոշելու է, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա՝ Տոնոյանը նշել է.«Հավատում եմ, որ հանձնաժողովի աշխատանքն անաչառ է եղել, որովհետև հանձնաժողովը հետհեղափոխական ժամանակշրջանում է կազմակերպվել և բավականին մեծ քանակի ուսանողներ դուրս են մնացել: Այսինքն՝ որոշակի ընտրության հարց լուծվել է»:

Տոնոյանը նաև ընդգծել է, որ նորմալ է, երբ որոշ երիտասարդները հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են մնում:

«Ընտրությունից հետո միշտ ինչ-որ խնդիրներ են առաջանում, կան չհասցրած մարդիկ, կան դժգոհ մարդիկ, կարծում եմ, որ բողոք միշտ լինելու է, դրան պետք է շատ հանգիստ վերաբերվել», - ասել է նա:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ նախարարը նշել է, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է՝ նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: Իսկ առավոտյան հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն: