Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունն ազատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։

Նախաձեռնության անդամները գրավել էին Դիվանատունը հուլիսի 6-ին և հրաժարվում էին հեռանալ՝ քանի դեռ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետը հրաժարական չի ներկայացրել։

Ոստիկանությունը նաև ազատել է տարածքը վրաններից և ցուցարարների այլ իրերից, հայտնում է Aysor.am-ը։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։

Ավելի վաղ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարել էր, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։ «Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», - ասել էր եպիսկոպոսը։