Հայկ Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստում Հայկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:
Վարչապետը շնորհավորել է նրան և ընդգծել, որ ՀՀ-ում օրինականության հաստատումը, կոռուպցիայի և հանացավորության դեմ պայքարը առաջանահերթություն են, սակայն այս բոլոր հարցերը լուծելիս «չպետք է տուժեն մարդու իրավուքնները և օրինականության մյուս երեսը»:
«Մենք պետք է 100%-ով ապահովենք մարդու իրավուքնների պաշտպանությունը և բացառենք իրավապահ մարմինների գործողությունների նկատմամբ որևէ այլ մենկաբանություն», - ասել է վարչապետը:
Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահն ասել է, որ հանացվորության դեմ պայքարում «կաշկանդվածություն չի լինելու»:
Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում: 1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը: 2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ: 2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: 2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա: 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ: 2011 - 2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:2014թ. - 2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2015 թվականի հունվարի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: 2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է:
2013-2014թթ. ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և 08.08.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 878 հրամանով հեռակա ուսուցմամբ ընդունվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսության թեման՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ: Հեղինակ է 45 գիտական հոդվածների ու աշխատությունների, իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք պետական և գերատեսչական պարգևներ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի», «Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի», «Վազգեն Սարգսյան», «Ռազմական համալսարանի 90-ամյակ», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի», «Անձնվիրություն և անվեհերություն, «Միջազգային համագործակցման ամրապնդման», «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալներով, «ԼՂՀ պաշտպանության բանակ» հուշամեդալով, 2 անգամ «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»-ով, մի շարք պատվոգրերով: