ՀՀ Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու իր որդին հուլիսի 8-ին բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա հանդեպ, ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ տուժած անչափահաս աղջկա՝ Վարդավառի տոնին նա ջուր է լցրել փողոցով անցնող մեքենաներից մեկի վրա, որի վարորդը նախկին ոստիկանապետի եղբայրն էր: Վերջինս դուրս է եկել մեքենայից, մոտեցել աղջկան և, քաշելով մազերը, փորձել է նրա գլուխը մտցնել մոտակա առվակի մեջ:

Բնակիչները պատմում են նաև, որ մեքենայի ներսում նստած է եղել նաև Գասպարյանի աղջիկը, ով սպառնացել է էլեկտրաշոկով վնասել աղջկան ու նրա ընկերներին:

Նշվում է, որ Գասպարյանն ու իր որդին աղջկա հորը՝ հաշտվելու պատրվակով հրավիրել են նույն գյուղում գտնվող իրենց առանձնատուն. նա պատմում է, որ բակ մտնելուց հետո վերջիններս ստիպել են իրենց ծնկի գալ, իսկ հետո հարվածներ են հասցրել: