Հուլիսի 10-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվող թիկնապահը՝ Արտեմ Պետրոսյանը, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Նա հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ևս հետախուզման մեջ է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել Սերոբ Սահակյանին և Վլադիմիր Շահինյանցին՝ իրենց մոտ գտնվող ճամպրուկներով:

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար: