Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը աշխատնքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդի ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: