Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ–կողմ բանավեճերում հաճախ նշվում է, որ հանքի կառուցումն ու ապագա շահագործումը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, այդ թվում և տեղացիների համար։ Բաց աղբյուրներից և հենց «Լիդիան Արմենիա» ընկերությունից պարզվեց, թե քանի աշխատող ունի ընկերությունը և այլ մանրամասներ։

Մամուլում տարբեր թվեր են շրջանառվում։ Ընկերության պաշտոնական կայքի տվյալներով մինչև շինարարական աշխատանքների ավարտը աշխատանքներում ներգրավված կլինի ավելի քան 1300 մարդ, իսկ արդյունահանման առնվազն 10 տարիների ընթացքում կստեղծվի մինչև 700 մշտական աշխատատեղ: Նշենք, որ ընկերության 2016թ․ հաշվարկներով շինարարությունը նախատեսված էր ավարտել 2018թ. հունիսին, սակայն այն դեռևս ընթանում է։

Ըստ ընկերության կայքի` 2018 թվականի ապրիլի դրությամբ ընկերության և իր կապալառուների մոտ աշխատել է 1460 մարդ, որոնցից 464-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից: Այս տվյալները ներառում է նաև ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր․ մի քանի օրից մինչև մեկ կամ երկու շաբաթ։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ հուլիսի 10-ի դրությամբ ունի 362 աշխատող, որոնցից 294-ը՝ մշտական հիմունքներով: Այս թիվը չի ներառում կապալառու ընկերությունների աշխատակիցներին:

1000plus.am կայքից պարզ է դառնում, որ 2018-ի ապրիլին ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարել է 293 000 դրամ, ինչից կարելի է եզրակացնել, որ ապրիլի դրությամբ «Լիդիան Արմենիանը» ունեցել է 293 աշխատակից, ինչը գրեթե համընկնում է վերոնշյալ 294 թվի հետ։

Ընկերությունը մեզ տեղեկացրեց, որ ապրիլին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում Ամուլսարի հարակից համայնքներից աշխատել է 139 մարդ, իսկ կապալառու ընկերություններում ՝ 325։