ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է, որ 2018 թվականին կբարձրանա առողջության առաջնային պահպանման օղակների՝ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Նախարարն ասել է, որ հնարավոր է՝ գալիք տարի ևս աշխատավարձի բարձրացում լինի:

«Ֆինանսների որոշակի վերաբաշխում նախատեսվում է, և մարզերի հիվանդանոցային սեկտորին հատկացվող գումարի ավելացում կունենանք: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատավարձերն այս տարի կբարձրանան, հնարավոր է բարձրանան եկող տարի ևս: Ընդ որում` դա արվելու է մեր ռեսուրսների հաշվին` առանց հավելյալ ծախսերի»,-մարզպետարանների առողջապահության վարչությունների ղեկավարներին փոխանցել է նախարար Թորոսյանը:

Նշվում է, որ հանրապետության մի շարք բժշկական կազմակերպություններ ընդգրկվել են հրատապ վերանորոգման, արդիականացման ենթակա հաստատությունների ցանկում, այդ խնդիրների լուծման ֆինանսավորման ուղղություններն են քննարկվում: