Հուլիսի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ, հայտնում է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու ժառանգություն են, ներառված են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պահպանության տակ։

«Փաստաթղթում փաստեր են ներկայացվում, որոնք հերքում են Ադրբեջանի մեղադրանքները՝ Արցախի տարածքում մասուլմանական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ։ Հուշագրում նշված է, որ կեղծ մեղադրանքներից բացի Ադրբեջանը որևէ ապացույցներ չի ներկայացնում և փորձում է իր իսկ մոտեցումներն ու գործողությունները վերագրել հայկական կողմին։ Այս համատեքստում ընդգծված է, որ խորհրդային ժամանակահատվածում և պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Արցախի տարածքում գտնվող հայկական 167 եկեղեցի, 8 վանական համալիր և 123 գերեզմանատուն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի իշխանությունների փորձերի կապակցությամբ՝ Արցախում եկեղեցիների կառուցումը մեկնաբանել որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և այն օգտագործել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու համար։

Հուշագիրը ներառում է նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների նպատակաուղղված ոչնչացման և պղծման մասին: