ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ է, քանի որ այժմ ՀՀ-ն «իսկապես ժողովրդավարական երկիր է»:

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից՝նախաձեռնելով երկրում ժողովրդավարական փոփոխություններ: