ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով. նա օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը, հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13 մլն դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով մոտ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5 մլն դրամ գումարը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: