ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջպետական հետախուզման մեջ գտնվող եղբորդի Նարեկ Սարգսյանը 2017 թվականին Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու է առևանգել ու ծեծի ենթարկել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետև նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանի հանդեպ միջպետական հետախուզում է հայտարարվել, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ բերման ենթարկված Սերոբ Սահակյանը թմրանյութեր և զենքեր թաքցրած Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերն էր: Վերջինս իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է Նարեկ Սարգսյանին օժանդակելու համար: