Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել: 2018-ի աշնանաը նախատեսվում է Արցախում բիզնես համաժողով անցկացնել:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության պատրաստակամության համար. «Մենք ուշադրությամբ հետևում ենք Բիզնես Արմենիայի աշխատանքներին թե ′ Հայաստանում և թե′ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգևորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաև Արցախի խնդիրներին, և ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու և մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը:

Արմեն Ավակ Ավակյանն էլ իր հերթին նշել է, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում.«Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին մասնակցել արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել և ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,-հայտնել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:

Օրվա երկրորդ կեսին Բիզնես Արմենիայի պատվիրակությունը նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորությամբ բերդաքաղաք Շուշիում էր: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաև աշնանը Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի կազմակերպման և ծրագրերի մշակման հարցերը, հայտնում է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը: