Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:

Կորյուն աբեղա Առաքելյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ է: Մի քանի շաբաթ է, ինչ նախաձեռնության անդամներն իրականացնում են տարաբնույթ բողոքի ակցիաներ: Մասնավորապես Գնդեվանքում նախաձեռնության անդամներն արգելափակել էին կաթողիկոսի տեղաշարժը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:

Հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից, ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6-ին խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։