«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել բուհի դրամարկղ և, խուսափելով հարկային պարտավորությունների կատարումից, պետությանը պատճառել է մոտ 6,2 մլն դրամի վնաս, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է նաև, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։ Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական և ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։

Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։