Գործադիրը մտադիր է բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառել Հայաստանի պետական կառավարման ոլորտում. հարցը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի՝ Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի (բլոկչեյն) տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։

Բլոկչեյն եզրույթը կիրառվել և նկարագրվել է 1991 թվականին. ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ Այդ պատճառով էլ առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի։

Բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթները պահպանելու «տարածք»։ Ժամանակի ընթացքում այն գրավեց մարդկանց ուշադրությունը և սկսեց օգտագործվել բժշկական գրառումների, էլեկտրոնային նոտարային համակարգերի, հարկեր հավաքելու և այլ գործընթացների համար։