Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի առաջիկայում: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վստահեցնելով, որ ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով:

«Ես ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ մենք բազմիցս նշել ենք, որ անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ, օպերատիվ տվյալներ, որ տվյալ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ», - ասել է Վանեցյանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ «Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: «Ուղղակի հիմանդրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումները ընթանում են», - ասել է նա:

ԱԱԾ տնօրենը հավելել է, որ ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ նոր նյութեր կան, որոնք բավականին մեծ ծավալի են: Այն հարցին, թե կան նրանց թվում աղմկոտ անուններ, նա պատասխանել է՝ այո: