Հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտներ» գործարար ընկերակցության փայատեր, որը զբաղվում է գործարար համաժողովների կազմակերպմամբ: Այդ մասին հայտարարել է ինքը Վարդանյանը «Ատլանտների» համահիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Դա հավասար գործընկերություն է՝ 50/50, ես մտնում եմ բիզնեսի մեջ cash-in պայմաններով»,-պարզաբանել է գործարարը, հայտնում է Forbes.ru-ն:

Ներդրումների հստակ քանակը գործընկերները չեն հրապարակում, սակայն, ըստ Վարդանյանի, ներդրվող «գումարները մեծ չեն»: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրը գնահատել է այն 10 մլն դոլար: Գրեթե ամբողջ գումարը կուղղվի գործարար ընկերակցության ենթակառուցվածքների զարգացմանը:

Վարդանյանն ընդգծել է, որ համաժողովի շրջանակում գործարար գաղափարների ֆինանսավորումից բացի, նա կիսվելու է գործընկերոջ հետ իր բազմամյա փորձով և գործարար կապերով, որոնք կարող են ծառայել գործարար ընկերակցության ամրապնդմանը: