Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը հանդիպումներ է ունենում ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

Հուլիսի 19-ին փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրել իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը: «Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, որը վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպում է ունեցել ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ: Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծել է Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- ասել է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատել է գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում: