ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «անչափ վտանգավոր» է համարում ՀՀ վարչապետի՝ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությունը:

«Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը: Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր», - ասել է Աշոտյանը:

Նա ասել է, որ տհաճ և սխալ է համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ:

«ՄՄի կաթիլ մեղր» չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը», - եզրափակել է Աշոտյանը: