Հուլիսի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին՝ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին, Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի իրավապահ մարմինների հետ համագործակցության խորհրդատու Ադի Հոլլովեյին, ինչպես նաև ԹՊԻՀ գրասենյակի խորհրդատու Ռուշանի Մանսուրին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Մեթթ Բոյդենին: Հանդիպմանը ներկա էր Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Ռեկտորը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԱՄՆ տարբեր կառույցների հետ Ակադեմիայի համագործակցությունը տևական փորձ ունի, նաև՝ դրական արդյունք: Հյուրերի խնդրանքով՝ Սերգեյ Առաքելյանն անդրադարձավ Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին և այլ հարցերի:

Կողմերը քննարկեցին առկա համագործակցության շրջանակում ուրվագծվող դրական արդյունքները, նաև իրենց մոտեցումները՝ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Ակադեմիայում համակարգչային լսարան ստեղծելու և այս պահին իրականացվող համատեղ այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին հյուրերը նաև Ակադեմիայի շենքային պայմաններին ծանոթանալու հանրավորություն ունեցան. եղան լսարաններում, գրադարանում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում: