Ռուսաստանի Դաշնությունը $200 մլն-ի վարկային համաձայնագրով նախատեսված ամբողջ սպառազինությունը տրամադրել է Հայաստանի Հանրապետությանը, ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Համաձայնագրով տրամադրած սպառազինության որոշ տեսակներ անգամ ՌԴ-ի զինանոցում չկան»,- ասել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սպառազինության ձեռքբերման վարկային համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին: Համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն ՀՀ-ին է մատակարարել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան և այլն: