Հուլիսի 24-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ Սառա Հաափալայնեն, Լորի Մանը, Լուսինե Սարգսյանը, Լիանա Ամիրբեկյանը:

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և գոհունակությամբ նշեց ԵԽ-ի հետ հետաքրքիր, արդյունավետ, բովանդակալի և շարունակական համագործակցության մասին: Պրոռեկտորը կարևորեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակում Ակադեմիայում ներդնելու նպատակով ԵԽ փորձագետների կողմից մշակվող նոր դասընթացը:

ԵԽ ներկայացուցիչների խոսքով՝ իրենք հանդիպումներ են ունենում վերոնշյալ ծրագրի շրջանակում՝ կարիքների գնահատում անցկացնելու նպատակով:

Պրոռեկտորը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող խմբերի առանձնահատկությունները, դասընթացների ձևաչափին և բովանդակությանն առնչվող հարցեր՝ սկսած դրանց մշակման փուլից մինչև ներդրում՝ ուսումնական գործընթացում:

Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակում իրականացվելիք մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր, նաև վստահեցրին, որ կներդնեն բոլոր ջանքերը համագործակցությունն ամապնդելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: