ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ռազմական հաստատությունների շրջանավարտներին վկայագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը, և որ հայկական կողմը «համարժեք է պատասխանելու», հայտնում է Panorama.am-ը:

«Մենք կարծում ենք, որ, այո, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր և հնարավոր է, բայց մենք ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին։ Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, մենք այդ իրավիճակին համարժեք կլինենք։ Եթե այլ իրավիճակի ուղղությամբ կգնա, մենք այդ ուղղությամբ նույնպես կլինենք համարժեք՝ օպերատիվ իրավիճակից և մեր ազգային շահերից բխող»,- շեշտել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «շատ ճիշտ է արել, որ Ադրբեջանի հասցեին կտրուկ հայտարարություններ է արել»:

«Պաշտպանության նախարարի աշխատանքն է ոչ միայն այդպիսի հայտարարություններ անելը, այլ նաև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը։ Այո, մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափում։ Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ԱՀ-ն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ և կառույցներ։ Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- նշել է վարչապետը: