Հայկական կողմը կարևորում է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկման անցկացումը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսբնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի ակտիվացմանն այդ ուղղությամբ:

«Դա կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ: Սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը, հայկական կողմը շարունակում է գրասենյակի հետ աշխատանքներն այդ ուղղությամբ»,-ասել է նախարարության խոսնակը:

Խոսնակն անդրադարձել է նաև Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրին: «Արդեն երկու շաբաթ է՝ Ադրբեջանի տարածքում չպարզված հանգամանքներում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ Քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան»,-հայտարարել է Բալայանը:

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպանը, հարցը ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում է, աշխատանքները շարունակվում են: