Երևանի պետական համալսարանի թիմը 4 մեդալ է նվաճել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից):

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում:

ԵՊՀ թիմից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների, հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, որը թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը և Կարեն Քեռյանը:

Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային և Պիզայի բարձրագույն դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 1994-ին: