Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 30-ին օրենք է ընդունել, որով 3-15 տարեկան աշակերտներին արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին միացող այլ սարքերից՝ պլանշետներից և «խելացի ժամացույցներից», նախապատրաստական, տարրական և միջին դպրոցներում: Փաստաթղթին հավանություն են տվել իշխող «Հանրապետությունը երթում», ազատականները «Ժողովրդավարական շարժումից» և կենտրոնամետները «Ժողովրդավարների և անկախների միությունից»:

Հանրապետականները, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության և «Անհնազանդ Ֆրանսիայի» անդամները ձեռնպահ են մնացել՝ քննադատելով օրինագիծը, գրում է Deutsche Welle-ն:

Այս նախաձեռնությունը նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից էր: Արգելքը չի տարածվում վարժարանների վրա, որը Ֆրանսիայում միջին կրթության վերջին աստիճանն է: Այդ ուսումնական հաստատությունները կարող են ինքնուրույն արգելք սահմանել, սակայն օրենսդրորեն պարտավոր չեն:

Սարքերը թույլատրվում է օգտագործել ուսուցման նպատակով: Բացի այդ, նոր կանոնները չեն տարածվում սահմանափակ հնարավորություններով երեխաների վրա:

2010-ից Ֆրանսիայում օրենքով արգելվում է բջջայինների օգտագործումը դասի ժամանակ: Ըստ նոր օրենքի, հեռախոսներն արգելված կլինեն դպրոցի ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքում դասերի ժամին: