ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը։

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

«Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ»,-տեղեկացրեց Տիգրան Բալայանը։

Նա հավելել է, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է նախաձեռնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ «Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է», - ասել է Տիգրան Բալայանը։