2018 թվականի առաջին կիսամյակում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարված հարկերի ծավալը։ ՊԵԿ հրապարակած տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ անկումը կազմել է մոտ 3,6 մլրդ դրամ կամ 32%. նախորդ տարվա մոտ 11,3 մլրդ դրամի դիմաց 2018-ի առաջին կիսամյակում վճարվել է մոտ 7,7 մլրդ դրամ։

Ընկերության վճարած հարկերի ծավալը նվազել էր դեռ առաջին եռամսյակում՝ մինչև Թավշյա հեղափոխության սկիզբը․ 2017-ի 4,5 մլրդ դրամի դիմաց «Ալեքս Գրիգը» 2018-ի առաջին եռամսյակում 3,35 մլրդ դրամ էր վճարել պետբյուջե (նվազումը՝ մոտ 1,15 մլրդ դրամ)։ Երկրորդ կիսամյակում, որը մասամբ համընկավ հեղափոխական ապրիլի ու դրա ընթացքում ներմուծման և առևտրի ծավալների անկման հետ, ընկերության վճարած հարկերի նվազումը կազմել է մոտ 2,5 մլրդ դրամ (4,3 մլրդ սրամ՝ 6,8 մլրդ դիմաց)։

Միաժամանակ, հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ ընկերությունը 5,2 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություններ ունի բյուջե․ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի փոխանցմամբ, ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը հայտնել է, որ ընկերությունն արդեն կատարել է այդ պարտավորությունները։