Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այդ մասին տեղեկացրել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, հայտնում է Aysor.am-ը:

«38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», - նշել է Սողոմոնյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման նախաձեռնություն պատրաստվում է ցուցաբերել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, որ սկսել են ստորագրահավաքի գործընթաց, «ինչը բխում է թե կուսակցության, թե խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։