ՀՀ նոր իշխանությունների կողմից երկրի նախկին ղեկավարների հետապնդումը հակասություններ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է էլ ավելի խորանալ: Այդ մասին ասվում է ռուսական «Կոմերսանտի» հոդվածում: Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար:

Ըստ ՌԴ ռազմարդյունաբերության 2 ձեռնարկության թոփ մենեջերների, պայմանագրերի երկրորդ փաթեթի իրացումը, որով ՀՀ-ն պետք է 100 մլն դոլարի վարկ ստանա և այդ գումարի զենք ձեռք բերի, այժմ հայտնվել է «մեծ հարցականի տակ»: «Այնքան էլ հասկանալի չէ, թե նրանց մոտ այնտեղ ինչ է կատարվում»,-ասել են նրանք:

Ըստ «Կոմերսանտի», երկրորդ պայմանագրով նախատեսվում էր շարունակել հրաձգային զենքի, ինժեներական կապի և անձնակազմի տեղափոխման տրանսպորտի առաքումները: ՀՀ ՊՆ նախկին ղեկավարությունը նաև մտադիր էր ձեռք բերել «Իսկանդեր-Է»-ի ևս մեկ դիվիզիոն, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը առկախ վիճակում են, ասվում է հոդվածում: