Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում այդ նպատակով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։