Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչ այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները: Սրանց մասով գյուղացիները ունեն պայմանագրեր տարաժամկետ վճարման մասին, այսինքն` գումարների մի մասը ստացել են, մնացածն էլ հետո են ստանալու»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած մթերման պարտքերին` Ռոբերտ Մակարյանը նշեց, որ 2015 թվականից առկա է «Վինար» ընկերության պարտքը: Նա հավելեց, որ գյուղացիների հետ կատարվել է պարտքի չափի ճշգրտում, ներկայում այն կազմում է 34 միլիոն դրամ: «Հույս ունենք, որ առաջիկա օրերին այդ խնդիրը ևս կլուծվի»,-ասաց փոխնախարարը:

Մակարյանը շեշտեց, որ գյուղացիներին այս տարի հորդորել են պարտքով չտալ իրենց արտադրանքը, որովհետև խաղողի պահանջարկը մեծ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են պարտքով աշխատել:

«Վերջին մի քանի տարիների պարտքերի հետ կապված վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում կրկնվում են այն կազմակերպությունները, որոնք պարտքով են վերցնում, գյուղացիներն էլ հանձնում են: Այսինքն` սա երկուստեք բնավորության գիծ է դարձել: Եթե 1-2 տարի խաբել են, արդեն մյուս տարի, կարծում եմ, գյուղացին չպետք է հանձնի իր մթերման ենթակա հումքը»,-ասաց Ռոբերտ Մակարյանը: Նա ընկերությունների անուններ չնշեց` ասելով, որ վերամշակողները վճարման գրաֆիկը ներկայացրել են, եթե խախտումներ լինեն, այդ ժամանակ կասեն, սակայն հավելեց, որ անբարեխիղճ ընկերությունները 3-4-ն են: