ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտաէներգիայի անջատումների դիմաց քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ֆինանսական փոխհատուցում կստանան:

Տնօրենը վստահեցրել է, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում, իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար:

Մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները, իսկ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլէներգիայի մեծ ծավալի սպառմամբ:

«Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին: Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ» - գրել է Հայկ Կոնջորյանը: