Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցությունը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Գործընթացը սկսելու նախաձեռնողներից մեկը «կանաչներից» Նոր Զելանդիայի խորհրդարանի պատգամավոր Հարետ Հյուգն է:

«Մենք մտադիր ենք ճանաչման հարցը ներկայացնել խորհրդարանում և խնդրում ենք բոլոր պատգամավորներին աջակցել մեզ: Հայերի հետ տեղի ունեցածն առնչվում է բոլոր ժողովրդների պատմությանը»,- ասել է պատգամավորը:

Հյուգը նաև հայտարարել է, որ Նոր Զելանդիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հետևի Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ երկրների օրինակին, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են 1915-ի ողբերգությունը:

Նոր Զելանդիայի Հայ դատի գրասենյակն իր հերթին առաջիկայում երկրի խորհրդարանում կազմակերպելու է «Բնաջնջելու մտադրությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: