«Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությունը նախնական տվյալներով չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել մոտ 120 մլն դրամի հարկային պարտավորություն (առանց տույժ և տուգանքների), հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՍՊԸ-ն հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ: Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ ընկերությունը:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ: