Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է պոտենցիալ հակամարտության հանգեցնել» Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ի ղեկավարության համապատասխան խոստումները նա անվանել է «միանգամայն անպատասխանատու դիրքորոշում» և «անմիջական սպառնալիք խաղաղությանը»:

ՆԱՏՕ-ի ընդլայնումը Մեդվեդևը համարում է «անմիջական սպառնալիք» և «անմիջական մարտահրավեր» Ռուսաստանին, առավել ևս, որ դաշինքի անդամները դիտարկում են ՌԴ-ն որպես պոտենցիալ հակառակորդ: Նա նշել է, որ Ռուսաստանի համար «Աբխազիան և Հարավային Օսիան ինքնուրույն պետություններ են, որոնց հետ ՌԴ-ն ունի բարեկամական հարաբերություններ, և որտեղ տեղակայված են ռուսական ռազմակայանները»: Իսկ եթե «մեկ այլ երկիր դիտարկում է դրանք որպես իր տարածք, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ», - ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կունենա այդքան «խելամտություն, որ ոչ մի բան չձեռնարկի այդ ուղղությամբ»: